ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Մեկնարկել է «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը

Hrayr PashayanՀայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության  կողմից իրականացվում է «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը` ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: 

Այդ նպատակով, մարտական հերթապահություն կրող զորամասերից կընտրվեն դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում լավագույն կողմերով դրսևորված 4-ական ժամկետային զինծառայողներ և կներկայացվեն հատվածներ զինծառայության, հայրենասիրության, մարտական հերթպահության, լավագույնին հասնելու և այլ թեմաններով նրանց հետ ունեցած զրույցներից:

Հարկ ենք համարում շեշտել, որ սահմանափակ քանակով զինծառայողների մասին հոդվածների ներկայացումն ամենևին չի նշանակում, որ դիրքապահի պարտականությունները լավագույնս կատարող այլ ծառայողներ չկան: Բավական է փաստենք, որ մենք բոլորս բազմիցս ենք լսում նրանց կողմից կատարված ամենատարբեր սխրագործությունների մասին, և հենց նրանց բոլորի հավաքական ջանքերով է ապահովվում մեր երկրի անվտանգությունը: Այս իմաստով ծրագիրը միտված է արժևորելու ոչ միայն ներկայացված, այլև բոլոր դիրքապահների հայրենանվեր առաքելությունը:

«Հայրենիքի սահմաններն անցնում են նախևառաջ դիրքապահ զինվորի ոգով, հետո միայն իր կանգնած խրամատով». սա դարերի խորքից եկող և ժողովրդական իմաստնությամբ հաստատված այն ճշմարտություններից է, որը բազմիցս ապացուցվել է գործնականում` մարդկության պատմության գրեթե դադար չունեցող պատերազմների ընթացքում: Ասվածի ճշմարտացիության մեջ համոզվելու համար բավարար է գեթ մեկ անգամ այցելել այն տղաներին, որոնց շնորհիվ տարիներ շարունակ անէանում են մեր երկիրը ոչնչացնելուն ուղղված հակառակորդի ցանկություններն ու սպառնալիքները:

 Հոդվածաշարի հեղինակ, ԱԵԳՄՄ անդամ, ք.գ.թ., դոցենտ, ռազմական լրագրող Հրայր Փաշայան

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...