ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Լավագույն դիրքապահ Գառնիկ Խաչունց. «Դիրքերում հայ զինվորի մշտարթուն հերթապահությամբ երկրի սահմաններն անառիկ են, իսկ հայրենիքը` պաշտպանված»

«ԴԻՐՔԵՐՈՒՄ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՄՇՏԱՐԹՈՒՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԱՆԱՌԻԿ ԵՆ, ԻՍԿ ՀԱՅՐԵՆԻՔԸ՝ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ»

Այցելելով գնդապետ Կ.Ջալավյանի հրամանատարությամբ գործող զորամասի մարտական դիրքեր` զինծառայությանն առնչվող տարաբնույթ հարցերի շուրջ զրուցեցինք իրեն լավագույն կողմերով դրսևորած զինծառայողներից մեկի` դիրքի ավագ, ավագ սերժանտ Գառնիկ Խաչունցի հետ:

GARNKԱվագ սերժանտ Գառնիկ Արմենի Խաչունցը ծնվել է 1997 թվականի հունիսի 7-ին Սյունիքի մարզում՝ Գորիսի շրջանի Տեղ գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որից հետո զորակոչվել զինծառայության:

Շուտով կլրանա Պաշտպանության բանակի շարքերում ծառայելու ավագ սերժանտ Գառնիկ Խաչունցի երկու տարին: Ի պաշտոնե լինելով մեր երկրի սահմանի որոշակի հատվածի պահպանության ու պաշտպանության պատասխանատուն` նա լավագույնս է գիտակցում դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը մեր երկրի անվտանգության ապահովման գործում:

«Մեր զինծառայողները գիտակցաբար են կատարում իրենց պարտականությունները: Բոլորս հասկանում ենք, որ պետք է հստակորեն տիրապետենք մեր մասնագիտությանը, մարտական հաշվարկով նախատեսված գործողություններին, որպեսզի թշնամու ներթափանցման փորձի դեպքում կարողանանք արժանի հակահարված տալ: Բացի դրանից, կարևոր է անվտանգության կանոնների պահպանումը, մանավանդ` սահմանային լարվածության և հակառակորդի կողմից տարբեր զինատեսակներից կրակի վարման պայմաններում: Այս նպատակով անձնակազմը համապատասխան հրահանգավորումներ է ստացել դիտարկվող վայրեր դուրս չգալու, խրամաբջիջներում ճիշտ դիրքավորվելու, դիտորդի պարտականությունները կատարելու և ինժեներական աշխատանքներ իրականացնելու ընթացքում»,- մեզ հետ զրույցում ասաց դիրքի ավագը` հավելելով, որ հակառակորդի կողմից ձեռնարկվող քայլերը պարտադրում են ավելի պատասխանատվությամբ կատարել առաջադրված խնդիրները:

Դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում ավագ սերժանտ Գ. Խաչունցը կարևորում է զինծառայողների միջև առկա ընկերական վերաբերմունքը, միմյանց օգնելու պատրաստակամությունն ու կամեցողությունը: «Դիրքապահ տղաները գիտակցում են, որ առանց իրար օգնելու հնարավոր չէ կատարել իրենց, թերևս, ամենանվիրական ու ամենադժվարին առաքելությունը: Մարտական հերթապահության կրումը կոլեկտիվ աշխատանք է և պահանջում է յուրաքանչյուր զինծառայողի ունակությունների ու հնարավորությունների գերլարում, բոլոր հարցերում միմյանց հետ խորհրդակցելու անհրաժեշտություն: Ես անձամբ պարբերաբար զրուցում եմ բոլոր զինծառայողների հետ` թե՛ առանձին-առանձին, թե՛ կոլեկտիվ կազմով, լսում նրանց կողմից բարձրացվող հարցերը, առաջարկությունները և ընտրում խնդրի լուծման ամենաարդյունավետ ճանապարհը»,- ասաց ավագ սերժանտ Գառնիկ Խաչունցը:

Որպես կրտսեր հրամանատար, բացի վերոնշյալ հանգամանքներից, դիրքի ավագը իր պարտակությունները լիարժեքորեն կատարելու համար կարևորում է նաև օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների ժամանակին կատարումը: Ինքն անձամբ դիրքապահների առօրյան այնպես է կազմակերպում, որպեսզի պահպանվի հավասարության սկզբունքը, որպեսզի որևէ մեկն իրեն ճնշված չզգա և յուրաքանչյուրը հնարավորություն ունենա սահմանված կարգով հանգստանալու:

«Նման պատասխանատու առաքելությունը հնարավոր է կատարել միայն առույգ և բարձր տրամադրվածություն ունենալով` գիտակցելով, որ յուրաքանչյուրը ցանկացած պահի, ցանկացած հարցում պատրաստակամ են քեզ օգնելու», – մեզ հետ զրույցում շեշտում է դիրքի ավագը` վստահեցնելով, որ եթե հայ զինվորը մշտարթուն կանգնած է դիրքում, երկրի սահմաններն անառիկ կմնան, հայրենիքը` պաշտպանված:

Նշենք, որ «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրն իրականացվում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության  կողմից` ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...