ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Լավագույն դիրքապահ Մայիս Մանուչարյան

ԴԻՐՔԻ ԱՎԱԳԸ

MAYISԿրտսեր սերժանտ Մայիս Արսենի Մանուչարյանը ծնվել է 1997թ. դեկտեմբերի 7-ին Դիլիջան քաղաքում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ 2012-2015 թթ. ուսումը շարունակել Դիլիջանի պետական քոլեջում` ձեռք բերելով ավտոփականագործի մասնագիտություն: Զորակոչվել է զինծառայության 2016 թվականին:

Ունենալով գիտելիքների որոշակի պաշար և օժտված լինելով կազմակերպչական ունակություններով՝ Մայիս Մանուչարյանը ծառայության առաջին իսկ օրերից դրսևորել է մասնագիտական ունակությունները կատարելագործելու պատրաստակամություն և հասել ցանկալի արդյունքների: Այս ամենն անմիջապես գրավել է հրամանատարության ուշադրությունը և նա  անցնելով կրտսեր հրամանատարական դասընթացներ, արժանացել է կրտսեր սերժանտ զինվորական կոչման:

Ապրիլյան առճակատման ժամանակ Մ.Մանուչարյանը դեռևս նախապատրաստական ստորաբաժանման կազմում էր: Բայց քանի որ հակառակորդն իրենց ուղղությամբ նույնպես մարտական գործողություններ է ձեռնարկել, նա ինքնըստիքյան դարձել է ծավալված իրադարձությունների մասնակիցը: Ինչպես հայտնի է, մեր տղաների ճիշտ և ժամանակին ձեռնարկած քայլերի շնորհիվ, «Եղնիկներում»  հնարավոր էր դարձել առանց կորուստների հետ մղել հակառակորդին՝ խափանելով նրա մտադրությունները: Մ. Մանուչարյանի համար սա մարտական մկրտություն էր և ստանձնելով դիրքապահի, իսկ այնուհետև դիրքի ավագի պարտականությունները, կրտսեր սերժանտն առաջադրված մարտական խնդիրները կատարել և կատարում է ամենայն պատասխանատվությամբ` գիտակցելով, թե դիրքերում որքան կարևոր են  թեկուզև մանրուք թվացող պարտականությունների ճիշտ ու ժամանակին կատարումը:

Ինքն անձամբ սեփական ձեռքբերումները պայմանավորում է բարեխիղճ ու պատասխանատու զինծառայությամբ: «Նախքան կրտսեր հրամանատարական կոչմանն արժանանալը՝ լինելով շարքային, կարողացել եմ ճիշտ հասկանալ շարքային անձնակազմի հոգեբանությունը, վերադաս հրամանատարության կողմից մեր նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի նրբությունները: Դրանք օգտագործելով` հարգալից վերաբերմունք եմ ցուցաբերել ինչպես ծառայակից ընկերների, այնպես էլ վերադաս հրամանատարության նկատմամբ: Այս ամենը զուգորդելով զինծառայության մեջ հմտանալու, գիտելիքներս անընդհատ խորացնելու և տրված հրահանգները ժամանակին կատարելու հետ, կարողանում եմ հաջողություններ արձանագրել»,- մեզ հետ զրույցում ասաց կրտսեր սերժանտ Մ.Մանուչարյանը՝ հավելելով, որ եթե մարդու մեջ հայրենասիրական մղումներ են լինում, ապա նա այդ ամենը կարողանում է կատարել պատշաճ մակարդակով ու հպարտության զգացումով:

«Ինչ վերաբերում է կոնկրետ դիրքի ավագի պարտականությունների կատարմանը, ապա այդ սրբազան առաքելությունը պատվով կատարելու առաջին նախապայմանը զգոնությունն է: Գիշեր թե ցերեկ, ցրտին թե տապին պետք է ամենայն պատասխանատվությամբ կատարել սեփական պարտականությունները: Բացի զգոնությունից, որպես դիրքի ավագ պետք է կարողանալ ճիշտ կազմակերպել դիրքում իրականացվող բոլոր գործընթացները՝ պահպանելով արդարության սկզբունքը: Դրա համար այնպես եմ կազմակերպում ծառայությունը, որ բոլոր զինծառայողներն էլ հավասարաչափ կերպով ընդգրկված լինեն առաջադրված խնդիրների կատարմանը՝ կենցաղայինից մինչև մարտական հերթապահություն: Արդյունքում՝ տղաների մոտ ձևավորվել է ընկերական հարաբերություններ, պատրաստ ցանկացած հարցում օգնելու մեկ-մեկու, դժվարությունները միասնաբար հաղթահարելու: Իմ կարծիքով այլ կերպ հնարավոր չէ կատարել դիրքապահի պարտականությունները»,-ասաց դիրքի ավագ, կրտսեր սերժանտ  Մայիս Մանուչարյանը` ընդգծելով, որ այս ամենն ինքն ասում է սեփական փորձից ելնելով՝ գործնականում դրանց նշանակությունը գիտակցելով:

Նշենք, որ «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրն իրականացվում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության  կողմից` ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Հրայր Փաշայան

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...