ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Լավագույն դիրքապահ Խորեն Ասատրյան. «Յուրաքանչյուրի պաշտպանվածության շնորհիվ է հնարավոր դառնում անառիկ պահել Հայրենիքի սահմանը»

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԴԱՌՆՈՒՄ  ԱՆԱՌԻԿ ՊԱՀԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԱՀՄԱՆԸ»

Պաշտպանության բանակի բազմաթիվ դիրքապահներից մեկն էլ, ով իրեն լավագույն կողմերով է դրսևորել մարտական հերթապահության կրման ընթացքում, Խորեն Իշխանի Ասատրյանն է: Ծնվել է 1997 թվականի դեկտեմբեր 28-ին Ապարանի շրջանի Հարթավան գյուղում: Տեղի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է  Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և առաջին կուրսից զորակոչվել զինծառայության: 

KHORENԴիրքապահի պարտականությունները կատարելու ընթացքում շարքային Խ. Ասատրյանը նախևառաջ կարևորում է յուրաքանչյուրի՝ սեփական պարտականությունների հստակ իմացությունը: Դրանց ճիշտ կատարմամբ է նա պայմանավորում ընդհանուրի հաջողությունը: «Դիրքում գտնվող տղաներից յուրաքանչյուրն իր կոնկրետ մասնագիտությունն ունի: Չէ որ ամեն մի զինատեսակ նախատեսված է որոշակի նպատակի, իսկ ընդհանուրի համատեղումը՝ առաջադրված մարտական խնդիրների հստակ կատարման համար: Այսինքն՝ բոլորի և յուրաքանչյուրի պատրաստվածության շնորհիվ է հնարավոր անառիկ պահել դիրքերը»,- նշում է շարքային Խ. Ասատրյանը:

Հակառակորդի դիրքերն այնտեղից բավականին հեռու են և, տղաների կարծիքով, փոքր տրամաչափի զինատեսակներով կրակելն այստեղ իմաստ չունի՝ նպատակին հասնել հնարավոր չէ: Այդուհանդերձ, դա ամենևին չի նշանակում, թե տղաների զգոնությունը դրանից թուլանում է, մանավանդ, որ հեռահար զինատեսակների օգտագործումը վերջին շրջանում գնալով ակտիվանում է: Իսկ տեղանքի առանձնահատկությունը, մասնավորապես՝ թանձրախիտ անտառները՝ նվազագույնի հասցնելով զինված և անզեն աչքով հակառակորդին նախապես հայտնաբերելու հնարավորությունը, ստիպում են դիրքապահներին լինել ավելի զգոն, որպեսզի կարողանան ականջալուր լինել անտառից եկող ձայներին՝ անհրաժեշտության դեպքում ժամանակին, ճիշտ և անվրեպ գործելու համար: Իսկ որ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ժամանակին հայտնաբերումից են կախված իրենց հաջողությունն ու անհաջողությունը, կասկածից վեր է՝  ապացուցվել է բազմիցս:

Նրա համոզմամբ՝  «Նման բարդ բնակլիմայական պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմը պարզապես պարտադրված է առավելագույնս զգոնություն ցուցաբերել, ինչպես նաև ֆիզիկապես ամուր լինել, որպեսզի կարողանա ցանկացած եղանակի դեպքում կատարել առաջադրված խնդիրները: Առանց զգոնության ու ֆիզիկական կոփվածության` այստեղ ծառայություն կատարելն ուղղակի անհնարին է: Դա գիտակցում են նաև զինծառայողները՝ ամենօրյա պարապմունքների ընթացքում ձգտելով կոփել իրենց մարմինը»:

Այցելության ընթացքում ականատես ենք դառնում նաև այնպիսի պարապմունքների, որոնք զինծառայողներին հնարավորություն են տալիս կանխելու  հակառակորդի դիվերսիոն-հետախուզական փորձերը: Համապատասխան ազդանշանից հետո, դիրքապահ տղաները նախատեսված գրաֆիկի համաձայն, կարճ ժամանակում անցնում են շրջանաձև պաշտպանության` տեղեկացնելով իրենց պատրաստության մասին:

Անձնակազմի` իրենց տրված հրահանգներն ու առաջադրված խնդիրները ճիշտ, ժամանակին և վստահաբար կատարումը ևս խոսում է նրանց բարձր մարտունակության մասին:

«Մենք` դիրքապահներս, կարևորում ենք վերադաս հրամանատարության կողմից տրված ցուցումները, հրահանգներն ու խորհուրդները` մեզ առաջադրված խնդիրները կատարելիս: Իսկ տեսական ու գործնական պարապմունքները, որոնք կողքից ավելորդ ու հոգնեցնող են թվում, նպաստում են զինծառայողների մոտ բարոյակամային բարձր որակների ձևավորմանն ու իրենց պարտականությունների հստակորեն կատարմանը: Ճիշտ է, հակառակորդը տարբեր գործողություններով փորձում է լարվածություն առաջացնել, ազդել մեր մարտական ոգու վրա, սակայն շնորհիվ մեր ոգու քաջության ու հստակ գործողությունների, խափանել և խափանելու ենք նրանց մտադրությունները», – հպարտորեն  ասաց շարքային Խորեն Ասատրյանը:

Նշենք, որ «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրն իրականացվում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության  կողմից` ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...