ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Լավագույն դիրքապահ Աշոտ Մազմանյան. «Գիտակցաբար և նվիրված ծառայությունը հաջողության գրավականն է»

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ Է

«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի իրականացման շրջանակներում շարունակում ենք մեր ընթերցողին ներկայացնել դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույն կողմերով դրսևորած զինծառայողներին: Պաշտպանության բանակի գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող զորամասի ներքոհիշյալ զինծառայողները մյուսների համեմատ ունեն որոշակի մարտական փորձ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ դիրքապահի իրենց պարտականությունների կատարման ընթացքում` նրանք գործնականում հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցրին փայլուն ձևով: Դա 2017 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերն էր:

«Գիտակցաբար և նվիրված ծառայությունը հաջողության գրավականն է»

Ծառայության անցնելով Պաշտպանության բանակի գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող զորամասում, շարքային Աշոտ Մազմանյանը գիտակացաբար ձգտել է հաղթահարել նոր միջավայրի ստեղծած բոլոր դժվարությունները: Կարճ ժամանակում հարմարվելով զինծառայությանը` Աշոտն ամենայն պատասխանատվությամբ է կատարել վերադաս հրամանատարության կողմից տրված ցուցումները՝ ցանկացած առաջադրանք կատարելով նվիրումով ու բարեխղճությամբ:

ASOT MAZMANYANԱշոտ Արթուրի Մազմանյանը ծնվել է 1997 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: 8-րդ դասարանն ավարտելուց հետո երեք տարի հայրենի քաղաքի պետական պոլիտեխնիկական քոլեջում սովորել է ոսկերչի մասնագիտություն, այնուհետև ուսումը շարունակել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում: Ուսման առաջին կիսամյակի ավարտից հետո զորակոչվել է զինվորական ծառայության` իր պարտքը կատարելու Հայրենիքի հանդեպ:

Դիրքերում տարվող մարտական հերթապահությունը բարձր մակարդակով կատարելու համար, բացի մասնագիտական պատրաստությունից, նա կարևորեց զինծառայողների մարտական ոգին, առանց որի հնարավոր չէ պահել հայրենիքի սահմանները: «Պետք է սիրել հայրենիքը, արժևորել մեր նախնիների կատարածը և գիտակցաբար նվիրվել սեփական պարտականությունների իրականացմանը: Մենք մի այնպիսի տարածաշրջանում և այնպիսի հարևանների շրջապատում ենք ապրում, որ իրավունք չունենք  անզգուշություն դրսևորելու: Այս երկրի սահմանները գծվել են մեր հերոս տղաների թափած արյամբ, ուստի` պարզապես իրավունք չունենք թուլանալու: Ամուր պահելով մեզ վստահված դիրքը՝ մենք ամրապնդում ենք մեր ընտանիքի, հարազատների ու բարեկամների, մեր երկրի անվտանգությունը: Կարծում եմ այս պարզ ճշմարտությունը պետք է գիտակցի յուրաքանչյուր զինծառայող և ըստ այդմ կատարի իր առաքելությունը: Միայն այսպես կարող ենք մեր արժանի տեղն ունենալ  արևի տակ», – մեզ հետ զրույցում ասաց շարքային Ա. Մազմանյանը:

2017 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը տեղի ունեցած դեպքերի ժամանակ Աշոտը նույնպես դիրքերում էր: Հենակետի պատասխանատու, լեյտենանտ Արմեն Գրիգորյանի կողմից առաջադրված մարտական առաջադրանքները ճիշտ և ժամանակին կատարելով` դիպուկահար, շարքային Աշոտ Մազմանյանն աչքի է ընկել իր խիզախությամբ ու մասնագիտական բարձր պատրաստվածությամբ: Գիտակցաբար, վստահորեն և առանց խուճապի մատնվելու կատարելով հրամանատարի ցուցումները, նա կարողացել է պատվով կատարել հայրենիքի պաշտպանի վեհ առաքելությունը` ցուցաբերելով հայրենիքի հանդեպ նվիրվածությունն և ուսուցման ընթացքում ստացած գիտելիքները գործնականում կիրառելու հմտություն: Իսկ հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման անփառունակ փորձի մասին պատմեց հետևյալը. «Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի հավաստանշումից հետո լեյտենանտ Արմեն Գրիգորյանի հետ բարձրացանք վերև և, մարտական դիրքի աջ հատվածում կրակային դիրքեր զբաղեցնելով, սպասեցինք նրա հրամաններին: Որոշ ժամանակ անց, երբ հակառակորդը հայտնվել էր ուղիղ նշանառության տակ և կրակելու համար նպաստավոր պայմաններ էին ստեղծվել՝ հրամանատարի հրամանով սկսեցինք ակտիվ կրակ վարել: Իմ և գնդացրորդի կողմից արձակված առաջին կրակահերթից հետո նկատեցինք, որ հակառակորդի զինվորներից երկուսն ընկան:

Դրանից հետո հակառակորդը մի քանի անգամ փորձել է հետ գալ դիակները տանելու, սակայն կրկին կորուստներ է կրել` մարտադաշտում  թողել 5 ասկյարների դիակներ ու ճողոպրել»,- դեպքի մասին հակիրճ պատմեց շարքային Աշոտ Մազմանյանը` շեշտելով, որ դիրքի տղաները մշտարթուն են ու զգոն՝ ցանկացած պահի կազմ ու պատրաստ պաշտպանվելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև անդառնալի հակահարված հասցնելու հակառակորդին:

Մեծ հնչեղություն ստացած այս հերոսական արարքը համեստորեն ներկայացնելով ընդամենը որպես «սեփական պարտականությունների կատարում», շարքային Աշոտ Մազմանյանն ավելի է բարձրացնում իր և ծառայակից ընկերների սխրանքի իրական նշանակությունը:

«Հաջողության գրավականը` գիտակցաբար և նվիրված ծառայությունն է». սա   Աշոտի և նրա ընկերների՝ հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում գործելու հիմնական նշանաբանն է, որին հետևելով առաջադիմություն կարող է գրանցել յուրաքանչյուր զինծառայող:

Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար ԼՂՀ նախագահի կողմից շարքային Աշոտ Մազմանյանը պարգևատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Արիության համար» մեդալով:

Նշենք, որ «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրն իրականացվում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության  կողմից` ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...