ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Լավագույն դիրքապահ Սամվել Խաչատրյան. «Երբեք հուսախաբ չանելով սպասելիքները…»

ԵՐԲԵՔ ՀՈՒՍԱԽԱԲ ՉԱՆԵԼՈՎ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ…

Ծառայության անցնելով Պաշտպանության բանակում` շատ հաճախ երիտասարդ հայրենյաց պաշտպանները չգիտեն թե ինչ դժվարություններ ու փորձություններ պիտի հաղթահարեն, սակայն հանուն Մեծ գաղափարների` նրանք պատրաստակամորեն են ստանձնում պատվաբեր առաքելությունը: Սամվել Հարությունի Խաչատրյանը դրանցից մեկն է: Նա ծնվել է 1997թ. հունվարի 11-ին՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: Զորակոչվել է զինծառայության 2015 թվականին: Զինծառայության տարբեր ոլորտներում ցուցաբերած բանիմացության, ընկերասիրության և գիտելիքները խորացնելու պատրաստակամության շնորհիվ Սամվել Խաչատրյանը զորամասում ծառայելու առաջին օրերից ձեռք է բերել վերադաս հրամանատարության և ծառայակից ընկերների վստահությունն ու հարգանքը: Մասնակցելով սերժանտական դասընթացներին` ստացել է կրտսեր սերժանտի, այնուհետև սերժանտի զինվորական կոչում՝ նշանակվելով ջոկի հրամանատար:

SAMVEL XACHATRYANՏեսական գիտելիքները գործնականում կիրառելու իսկական հնարավորություն Սամվել Խաչատրյանին և նրա անձնակազմին ընձեռվեց 2017 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը: Եվ իր պարտականությունները նա կատարեց գերազանց:

Տեղեկանալով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման մտադրության մասին և ճիշտ գնահատելով ստեղծված իրավիճակը` դիրքի ավագ, սերժանտ Սամվել Խաչատրյանն անձնակազմին թաքստոցներում պատսպարվելու հրաման տվեց, իսկ ինքը մարտական դիրքի ձախ հատվածում գնդացրորդ, շարքային Վահրամ Մարտիրոսյանի հետ միասին նպաստավոր կրակային դիրքեր զբաղեցրեց և զենքի վրա տեղադրված ջերմատեսիլ սարքի օգնությամբ դեպի հակառակորդն  ուղղորդեց կրակը:

«Գիշերը ժամը 2:30-ի սահմաններում հարևան դիրքից մեզ զանգել և զգուշացրել են, որ մեր ուղղությամբ հակառակորդի շարժ են նկատել: Գործելով նման իրավիճակներում նախատեսված պլանի համաձայն` զբաղեցրել ենք համապատասխան կրակային դիրքեր: Վերադաս հրամանատարության հետ անընդհատ կապ պահելով` սպասել ենք հարմար պահի և սկսել կրակել:

Անհարկի պատահարներից խուսափելու համար անձնակազմի հիմնական մասին հրահանգել եմ խստիվ պահպանել անվտանգության կանոնները, առանց հրամանի դուրս չգալ խրամաբջիջներից, իսկ ես` գնդացրորդ, շարքային Վահրամ Մարտիրոսյանի հետ դիրքավորվել ենք այն հատվածում, որտեղից ավելի նպաստավոր էր կրակ վարելը»,- մեզ հետ զրույցում ասաց դիրքի ավագ, սերժանտ Սամվել Խաչատրյանը:

Խոսելով դիրքերում տարվող մարտական հերթապահության մասին, դիրքի ավագը կարևորեց զինծառայողների մարտական պատրաստվածությունն ու զգոնությունը, որոնք պատշաճ մակարդակով կատարելու դեպքում` բոլոր դիրքապահներն էլ կարող են պատվով ու բարձր մակարդակով կատարել իրենց առաջադրված մարտական խնդիրները:  «Նախքան մարտական հերթապահության ստանձնումը, զորամասի մշտական տեղակայման վայրում բազմաթիվ պարապմունքներ են իրականացվում, որոնք ուղղված են զինծառայողների մասնագիտական պատրաստվածությանը, որպեսզի յուրաքանչյուրը հստակորեն իմանա իր կոնկրետ անելիքները, տիրապետի կցագրված զենքին ու զինամթերքին: Չէ՞ որ դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում այդ զենքն է լինելու իր ընկերն ու պաշտպանը: Նշված նպատակով հենց դիրքերում ենք տարաբնույթ միջոցառումներ կազմակերերպում, պարբերաբար զենքի խնամք իրականացնում, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանանք այն ըստ նպատակի օգտագործել: Միաժամանակ, մարտական հերթապահություն տանելիս պետք է չափազանց զգոն լինել, ժամանակին կատարել դիտարկումները, որպեսզի կարողանանք պատվով կատարել հայրենիքի պաշտպանի վեհ առաքելությունը: Իմ կարծիքով դիրքապահ տղաները բոլորն էլ քաջ գիտակցում են, թե ինչ պատասխանատու առաքելություն է դրված իրենց վրա և որքան կարևոր է, որ երբեք հուսախաբ չանեն սպասելիքները»,-նշեց դիրքի ավագ, սերժանտ Սամվել Խաչատրյանը` հավելելով, որ տեղի ունեցած գործողությունները եկան փաստելու, որ տղաներն իրոք գիտակցաբար և բարձր մակարդակով են կատարում իրենց պարտականությունները:

Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար Սամվել Հարությունի Խաչատրյանը ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Արիության համար» մեդալով:

Նշենք, որ «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրն իրականացվում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության  կողմից` ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...