ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Համացանցում հասանելի է «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» գիրքը

76700

Արցախի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել բուհի դասախոս, լրագրող, քաղաքական գիտությունների թեկնածու Հրայր Փաշայանի «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» գրքի շնորհանդեսը՝ նվիրված սահմանապահ մի խումբ դիրքապահների, ովքեր տարբեր սխրագործություններով ծառայության ընթացքում աչքի են ընկել:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ով իր խոսքում կարևորել է գրքի նշանակությունն ու անհրաժեշտությունը մեր օրերում:

«Հեղինակը շնորհակալ գործ է կատարել՝ պատմության հիշողությանը հանձնելով այն տղաների կատարած սխրանքը, ովքեր ամեն օր, ամեն վայրկյան աչալուրջ հսկում են մեր հայրենիքի սահմանները: Համոզված եմ, որ նա առաջիկայում ևս ընթերցողի դատին հանձնելու բազում հնարավորություններ կունենա, քանի որ ընտրել է հայ զինվորի փառքն ու պատիվը բարձր պահելու ճշմարիտ առաքելությունը»,- նշել է Վ. Յարամիշյանը:

Պատմելով գրքի մասին՝ Հ. Փաշայանն ասել է, որ այնտեղ ներկայացված են պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից 32 ժամկետային դիրքապահ զինվորների հայրենանվեր առաքելությունը, կյանքի ու մահվան սահմանագծում նրանց պատրաստակամությունը պատվով կատարելու, հայրենիքի սահմաններն անառիկ, իսկ հարազատների անդորրն անխախտ պահելու մասին հոդվածներ:

Գրքի հեղինակն ընդգծել է նաև, որ սահմանափակ քանակով զինծառայողների մասին հոդվածների ներկայացումն ամենևին չի նշանակում, որ դիրքապահի պարտականությունները լավագույնս կատարող այլ զինծառայողներ չկան: «Մենք բոլորս բազմիցս ենք լսում նրանց կողմից կատարված ամենատարբեր սխրագործությունների մասին, և հենց նրանց բոլորի հավաքական ջանքերով է ապահովվում մեր երկրի անվտանգությունը: Ինչպես ցույց են տալիս զինծառայողների հետ ունեցած զրույցներն ու բոլոր ժամանակների ռազմարվեստի պատմության վերլուծությունները, բացի զենքից ու զինամթերքից, հաջողության հասնելու նախապայմաններից մեկն էլ մշտապես բարձր բարոյահոգեբանական որակներ ունեցող հայրենյաց պաշտպաններ ունենալն է»,- ավելացրել է Հ. Փաշայանը և հավելել, որ գիրքը նախատեսված է մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության, հայրենյաց պաշտպանների մարտական ոգին բարձրացնելու և բոլոր նրանց՝ ում համար թանկ է հող հայրենին:

Միջոցառմանը շնորհավորական խոսքերով, ելույթներով հանդես են եկել ԱրՊՀ դասախոսներ, ուսանողներ:

Տեղեկացնենք, որ գրքի էլեկտրոնային տարբերակը հասանելի է Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման կայքում:

Նշենք, որ գիրքը հրատարակվել է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության կողմիցՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում՝ Արցախի գիտական կենտրոնի գիտխորհրդի երաշխավորությամբ:

 Նյութը և լուսանկարը` Արցախպրեսի

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...