ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Սեպտեմբերի 14-ին «Վալլեքս Գարդեն» հոթելի կոնֆերենս դահլիճում մեկնարկել են «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» խորագրով 3-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովի աշխատանքները՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին և Արցախյան շարժման 30-ամյակին:

Արդեն երրորդ տարին է, ինչ «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ գիտական հանրույթը ներկայացնող աշխարհի տարբեր երկրների անվանի ու երիտասարդ գիտնականներ հանդիպում են Ստեփանակերտում՝ կիսվելու Արցախի մասին սեփական գիտական «արտադրանքով», փոխանակվելու մտքերով և գաղափարներով:

Գիտաժողովի լոգո փոքրԳիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, ԱԵԳՄՄ հիմնադիր, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանի խոսքով, գիտաժողովին մասնակցության հայտ են ներկայացրել թվով 105 գիտնականներ և մասնագետներ, այդ թվում` պրոֆեսորներ Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Հայաստանից և Արցախից: Մասնակցության հայտ են ներկայացրել նաև ԱՄՆ-ից և Բելառուսից, որնցից գիտությունների 11 դոկտոր և 42 թեկնածու (նախորդ տարվա գիտաժողովին մասնակցել են 63 հոգի, ընդ որում` այս տարի մասնակից երկրներն ավելացել են մեկով` Բելառուս):

Նախքան գիտաժողովի լիագումար նիստում բացման խոսքով հանդես գալը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանն ընթերցել է նախարար Լևոն Վահրադյանի ուղերձը, իսկ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի ուղերձը մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել ԵՊՀ դասախոս, ԱԵԳՄՄ անդամ, պ.գ.թ., դոցենտ Գրիգոր Բալասանյանը:

«2018 թվականը հոբելյանական է Արցախի և Մայր Հայաստանի համար. նշվում է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը, Արցախյան շարժման 30-ամյակը, ինչպես նաև Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Հատկանշական է, որ օգոստոսի 11-ին լրացել է Հայոց ձոր գավառում բռնակալ Բելի նկատմամբ Հայկ Նահապետի տարած հաղթանակի 4510-ամյակը: Պատահական չէ, որ սույն գիտաժողովի խորհրդանշանի առանցքային տարրը Հայկ Նահապետն է` նետն ու աղեղը ձեռքին, որը խորհրդանշում է մեր պայքարն ու պահանջատիրությունը, իսկ երկու Հայկական Հանրապետությունները եռագույնով նշելն այն, որ, չնայած առանձին Հայկական Հանրապետություններ ենք, սակայն միասնական ենք ու միակամ:

Արցախի և Մայր Հայաստանի անկախության տոների միջև ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտում արդեն թվով 3-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովի կազմակերպմամբ նպատակ ունենք գիտականորեն վերլուծել և ներկայացնել հայոց պետականության հատկապես վերջին հարյուրամյակի ընթացքում արձանագրված հիմնախնդիրները, ունեցած ձեռքբերումները և այն անելիքների շրջանակը, որոնք կնպաստեն հայոց պետականության պահպանմանը, զարգացմանն ու հզորացմանը, ինչպես նաև  բացահայտել երիտասարդների գիտական ներուժը և երիտասարդացնել գիտությունը»,- բացման խոսքում ասել է գիտաժողովի կազմկոմիտեի նախագահը:

Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվելու են մասնախմբային՝ իրավագիտության, քաղաքագիտության, պատմության, տնտեսագիտության և լրագրության, գրականագիտության, մանկավարժության, հոգեբանաության բաժանմունքներում: Գիտաժողովի փակման արարողությունը նախատեսվում է սեպտեմբերի 15-ին:

Հիշեցնենք, որ գիտաժողովն իրականություն է դարձել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Վալլեքս Գարդեն Հոթել» ՓԲԸ-ների ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև Երևանի պետական ու Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանների համակազմակերպմամբ:

Անուշ Դոլուխանյան

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...