ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Ստեփանակերտում կայացել են ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի 80-ամյակին նվիրված գիտական ընթերցումներ և «ԱՐԲԱՆԷ» գրքի շնորհանդեսը

Օրերս «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վալլեքս Գարդեն հոթելի կոնֆերենս դահլիճում կայացել է ծնունդով արցախցի ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի 80-ամյակին նվիրված «Իրավագիտության արդի հիմնախնդիրներն ու ակադեմիկոս Վ. Ներսեսյանցը» թեմայով գիտական ընթերցումներ: Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ԱՀ վաստակավոր իրավաբաններ, դատավորներ, հյուրեր Հայաստանից, դասախոսներ և ուսանողներ:

02

Բացման խոսքով հանդես է եկել միջոցառման նախաձեռնող, ԱԵԳՄՄ հիմնադիր նախագահ, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը` նշելով, որ  դեռևս 5 տարի առաջ իրենց նախաձեռնությամբ առաջին անգամ Արցախում կազմակերպվել էին գիտական ընթերցումներ՝ նվիրված ծնունդով արցախցի ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի ծննդյան 75-ամյակին, որի տրամաբանական շարունակությունը նրա 80-ամյակին նվիրված սույն գիտական ընթերցումներն են: Այն նպատակ է հետապնդում մի կողմից հայկական իրավաբանական հանրույթին և ընդհանրապես հասարակության տարբեր շերտերին ներկայացնելու Ներսեսյանցի մեծությունն ու թողած ահռելի գիտական ժառանգությունը, իսկ մյուս կողմից հանրայնացնելու բարդագույն իրավական հիմնախնդիրների վերաբերյալ նրա գաղափարներն ու մոտեցումները, որոնք նոր շունչ են ստանում ինչպես ռուսական ու հայկական, այնպես էլ արտասահմանյան մասնագիտական շրջանակներում՝ դրանով իսկ արժանին մատուցելով մեր հանրաճանաչ հայրենակցին: Նրա խոսքով` նման միջոցառումների կազմակերպումը և հանրայնացումը լիովին տեղավորվում է Կազմակերպության հռչակած այն նպատակի մեջ, ըստ որի` գիտության միջոցով Արցախը պետք է ճանաչելի դառնա արտասահմանում:

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր խոսքում կարևորեց նման բնույթի միջոցառումների կազմակերպումը` դրանք դիտարկելով նաև որպես քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման միջոց:

Հարկ է նշել, որ 2018թ. հոկտեմբերի 3-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտում կազմակերպվել է 13-րդ ներսեսյանցական գիտական ընթերցումներ, իսկ 2018թ. նոյեմբերի 16-ին Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում` սահմանադրականության հիմնախնդրի վերաբերյալ գիտաժողով, որոնք նվիրված էին ակադեմիկոս Ներսեսյանցի 80-ամյակին:

Թերևս այս շարքի վերջին ակորդը, այսինքն երրորդ միջոցառումը, որը կարելի է ասոցացնել ակադեմիկոսի մշակած ազատական-իրավաբանական հայեցակարգում գործածվող և եռամիասնություն խորհրդանշող 3 բաղադրիչների հետ, տեղի է ունեցել նրա ծննդավայրում՝ Ստեփանակերտում, որին հրավիրված էին մասնակցելու ինչպես Մայր Հայաստանից, այնպես էլ Արցախի պետական ու գիտակրթական շրջանակի ներկայացուցիչներ, ինչը վկայում է նաև հայտագրված թեմայի արդիականության մասին:

Կազմակերպված միջոցառումը չի հավակնում ամբողջովին ու բազմակողմանի բացահայտել Վլադիկ Ներսեսյանցին, քանի որ դա անհնար է, այլ մի համեստ ձեռնարկում է նրա գիտական ժառանգությունն արժեվորելու համար:

03Կազմակերպիչները լիահույս են, որ գիտական ընթերցումների հաջող ընթացքը բնականոն ճանապարհով կհանգեցնի նրան, որ ամեն տարի ակադեմիկոս Ներսեսյանցին նվիրված գիտական ընթերցումներ կամ գիտաժողով կկազմակերպվի մեծ գիտնականի Հայրենիքում, որը միջազգային հնչեղություն ունենալու հավակնություն պետք է ունենա` դրանով իսկ արժանին մատուցելով Նրան` գիտական մեծ ժառանգության համար և հանրայնացնելով նրա իրավափիլիսոփայական գաղափարները, քանի որ ամեն մի ազգի համար մեծ հպարտություն կլիներ ունենալ Վլադիկ Սումբատի Ներսեսյանցի մեծության գիտնական, բայց այդ բախտը վիճակված է արցախցիներին:

Միջոցառման սկզբում ականավոր գիտնականի կյանքն ու գիտական ժառանգությունը ներկայացրել է ԱրՊՀ մագիստրանտ Վաչագան Դադայանը. «Ներսեսյանցը ծնվել է 1938թ. հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտ քաղաքում: Դեռ մանուկ հասակից նա մեծանում է առանց հոր, քանի որ վերջինս այդ ժամանակ առկա բռնաճնշումների զոհ է դառնում, 1941թ. ձերբակալվում է, և ըստ տեղեկությունների՝ գնդակահարվում: Ներսեսյանցի կենսագրությունն ուսումնասիրած մի շարք անձինք գտնում են, որ իրավունքի փիլիսոփայության նկատմամբ հետաքրքրությունը, և արդյունքում իրավունքի ընկալումը որպես ազատության չափ, մեծ ազդեցություն է թողել նրա հոր ձերբակալությունը և որպես հայրենիքի դավաճան որակելը»:

04Այնուհետև զեկուցումներով հանդես են եկել ԱՀ գերագույն դատարանի դատավոր, ԱՀ դատավորների միության նախագահ Հասմիկ Խաչատրյանը (Իրավունքի և պետության արժեքը` ըստ Վլադիկ Ներսեսյանցի հայեցակարգի), ԱԵԳՄՄ հիմնադիր, ՄՄՀ դասախոս, ի.գ.թ. Սիրանուշ Պետիկյանը (Վ.Ներսեսյանցի ցիվիլիզմի հայեցակարգի արդիակա­նութ­­­յունը մեր օրերում), ՀՀ ԱԺ պատգամավոր, ի.գ.թ., դոցենտ Տարոն Սիմոնյանը (Ցիվիլիզմի մանիֆեստը և XXI դարի կորպորատակրատիան), ԱԵԳՄՄ հիմնադիր նախագահ, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը (Ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի իրավունքի փիլիսոփայությունը) և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակից, ԱրՊՀ մագիստրանտ Լուիզա Ներսիսյանը (Ձևական հավասարության, ազատության և արդարության գաղափարն ակադեմիկոս Ներսեսյանցի մշակած հայեցակարգում):

Զեկուցումներից հետո ելույթներով հանդես եկան և ակադեմիկոս Ներսեսյանցի մեծությունը գնահատեցին արցախյան շարժման ակտիվիստ Գրիգորի Աֆանասյանը, Արցախի Հանրապետության վաստակավոր իրավաբան Գրետա Արզումանյանը, Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

Գիտական ընթերցումների վերջում մասնակիցները դիտել են Ալեքսանդր Գորդոնին Վլադիկ Ներսեսյանցի տված հարցազրույցից մի հատված, որտեղ նա ներկայացնում է իր մշակած հայեցակարգի էությունն ու առավելությունները:

05Գիտական ընթերցումների ավարտից հետո նույն դահլիճում կայացել է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր Տարոն Սիմոնյանի «ԱՐԲԱՆԷ» գրքի շնորհանդեսը, որը մեծ հնչեղություն է ստացել Հայաստանում, Արցախում և նրա սահմաններից դուրս: Գրքի շնորհանդեսը Երևանից ու հեղինակի հայրենի Վանաձորից հետո կազմակերպվել է իրավունքի փիլիսոփայության հայրերից մեկի՝ Վլադիկ Ներսեսյանցի ծննդավայր Ստեփանակերտում:

Գրքի մասին տպավորություններով կիսվել են ԱԵԳՄՄ անդամ Անուշ Դոլուխանյանը, Ավետիք Հարությունյանը, իսկ վերջում էլ` հեղինակը` պատասխանելով նաև ներկաների հարցերին:

Ներկայացնելով գիրքը` հեղինակը նշել է, որ այն սեփական հարցերի պատասխանները գտնելու փորձ է: «Հիմնական հարցն այն է, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում, քաղաքակրթական մակարդակներում ինչ առաքելություն ունենք և որն է մեր կենսիմաստը: Այսօր մենք նոր փուլ ենք մտնում ` հոգևոր տարրի զարգացման փուլ` ի դեմ պետականության: Պետականությունն ազգի ինքնագիտակցությունն է: Առանց պետականության ազգը նույնիսկ չունի գիտակցություն: Մեր նախորդ սերունդն ունեցել է անկախություն ձեռք բերելու և հայրենիք ազատագրելու առաքելություն, որը պատվով կատարեց: Հույս ունեմ, որ նոր սերունդը կգտնի իր իրական առաքելությունը, այն է` նախորդ սերնդի ձեռքբերածը` անկախ պետականություն և անկախ հայրենիք, զարգացնի և հասցնի այն մակարդակի, որ այլևս չմտածի իր գոյության ու պահպանման մասին, այլ կմտածի այլ պետությունների հետ մրցակցելու մասին», – ասաց Տարոն Սիմոնյանը:

Հեղինակը քաղաքակրթության զարգացումը պայմանականորեն բաժանել է 9 մակարդակների և կարծում է, որ Հայաստանը գտնվում է միջին`  պետականության վերականգնման մակարդակում:

Կազմակերպիչներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում Վալլեքս Գարդեն հոթելի ղեկավարությանը` երկու հրաշալի միջոցառումները կոնֆերենս դահլիճում կազմակերպելու հնարավորության ապահովման համար:

Լուսանկարները` «Արցախպրես» լրատվական գործակալության

Արմինե Հարությունյան

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...