ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Ստեփանակերտում գումարվեց «ԱՐՑԱԽ» գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը

Մարտի 15-ին Ստեփանակերտի Վալլեքս Գարդեն հյուրանոցային համալիրի փոքր կոնֆերանս սրահում տեղի ունեցավ «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:

Գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիրը «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունն է, որ հնգամյա բազմարդյունք գործունեությամբ կայուն նախադրյալներ էր ստեղծել գիտակազմակերպական նոր կառույցի հիմնադրման և կոնկրետ ռազմավարական ուղղություններով հետազոտական գործունեություն ծավալելու համար:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված են գիտնականներ Արցախից, Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից: Նրանցից չորսը գիտության դոկտորներ են, հինգը՝ գիտությունների թեկնածուներ:

DSC_0065Ողջունելով հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ ինստիտուտի հիմնադրման նախաձեռնող և տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը խոսեց հիմնադրամի ստեղծման նախապատմության, շարժառիթների, նպատակների ու խնդիրների մասին՝ հավաստելով, որ այն գործելու է նախ և առաջ որպես ուղեղային կենտրոն՝ գիտության ու պրակտիկայի ամուր կապի մեխանիզմով, որի գործառույթը ոչ միայն ավանդական՝ հիմնարար  ու կիրառական հետազոտությունների անցկացումն է, այլև կապի հաստատումը մի կողմից՝ գիտելիքի և իշխանության, գիտության ու տեխնիկայի, մյուս կողմից՝ հանրայնորեն կարևորություն ներկայացնող այլ ոլորտների միջև: Այդ առաջնահերթութան համաձայն՝ «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտը, տեղայնացնելով աշխարհի առաջատար ուղեղային կենտրոնների փորձը, կիրականացնի կոնկրետ ռազմավարական խնդիրներ: Ինստիտուտն իր առաքելությունն է համարում «զարգացնել գիտությունն Արցախում, արդյունքները ներդնել երկրի կենսագործունեության համար ռազմավարական նշանակություն ունեցող բնագավառներում՝ ամրապնդելով հայոց պետականությունը, և գիտության դիվանագիտության միջոցով նպաստել Արցախի Հանրապետության ճանաչելիության բարձացմանն ու միջազգային ճանաչմանը»:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, քաղաքագիտության դոկտոր, ԵՊՀ դոցենտ Խաչիկ Գալստյանը, խոսելով Արցախում նման ինստիտուտի ստեղծման անհրաժեշտության ու կարևորության մասին, անդրադարձավ օրակարգային հարցերին և առաջարկեց քննարկել ու հստակեցնել ինստիտուտի առաքելությանն ու նպատակներին համահունչ ռազմավարական  ուղղությունները:

Առաջիկա կարևոր նախաձեռնություններից են լինելու www.artsakhinstitute.org հասցեով պաշտոնական կայքի գործարկումը և «ԱՐՑԱԽ» հրատարակչության հիմնումը, որոնք մեծապես կնպաստեն ինստիտուտի ռազմավարական նպատակների իրականացմանը:

Իր առաքելությանը համահունչ՝ ինստիտուտն առանձնակի կարևորում է Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ գիտական թեզերին և պետական բարձր մակարդակով իրականացվող հակահայկական քարոզչության հակադարձումը, երիտասարդության շրջանում Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված գիտակրթական ծրագրերի իրականացումը, ԱՀ-ի սոցիալ-տնտեսական ու անվտանգության քաղաքականության ոլորտներում հետազոտական ծրագրերի իրականացումը, Արցախյան հիմնախնդրին նվիրված գիտավերլուծական աշխատանքներով միջազգային գիտական հանրության և համացանցային տիրույթում եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) հայանպաստ բովանդակության ստեղծումն ու տարածումը, հասարակայնորեն նշանակալի հիմնախնդիրների լուծման հնարավոր տարբերակների որոնումը և այլն:

Երկարաժամկետ պլանավորմամբ ապահովվելու է նաև ԱԵԳՄՄ-ի «Գիտական Արցախ» պարբերականի եռալեզու հրատարակումը (տարվա ընթացքում առնվազն 4 համար), հայագիտության (այդ թվում՝ արցախագիտության) նվաճումների տարածման ու հանրահռչակման նպատակով հանրագիտական ու գիտավերլուծական գրականության ստեղծումը:

Քննարկվող հարցերի շուրջ արժեքավոր դիտարկումներ ու առաջարկություններ արեց հոգաբարձուների խորհրդի անդամ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մաքսիմ Վասկովը՝ պատրաստակամություն հայտնելով իր փորձն ու գիտելիքները ներդնել ինստիտուտի ռազմավարական նպատակների իրականացման գործում և, որպես ՌԴ-ի ակադեմիական միջավայրը ներկայացնող գիտնական, բոլոր հնարավոր միջոցներով նպաստել ինստիտուտի միջազգայնացմանն ու Արցախի ճանաչելիության բարձրացմանը:

Խորհրդի անդամների դիտարկմամբ՝ ակադեմիաներում ու համալսարաններում գիտահետազոտական աշխատանքները սովորաբար ամփոփվում են տեսա-մեթոդաբանական դիսկուրսներով, որոնք հաճախ վերացական բնույթ են կրում՝ հեռու պետության հիմնախնդիրներից: Իսկ պետական կառավարման օղակներում պաշտոնավարողները, սովորաբար ծանրաբեռնված լինելով ընթացիկ գործերով, ժամանակ չեն ունենում միջազգային հիմնախնդիրների մեթոդաբանական մշակման համար: Ուստի ուղեղային կենտրոնները լրացնում են գաղափարների ու գործողությունների միջև առկա անջրպետը: Այդ տեսանկյունից էլ ավելի է կարևորվում հիմնադրամի ստեղծումը, որ մեծապես կլրացնի առկա բացը հատկապես Արցախի միջազգային ճանաչման համատեքստում:

Խորհրդի նիստում քննարկվեց ու հաստատվեց նաև «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի կազմակերպական կառուցվածքը: Հիմնադրամը կունենա գիտական խորհուրդ, արցախագիտական, տարածաշրջանային ու միջգիտակարգային հետազոտությունների բաժանմունքներ, համանուն հրատարակչություն, ինչպես նաև գիտական գրադարան, որ կունենա համակարգված հավաքածու և ԱԷԳ-ին զուգահեռ կնպաստի սահմանված առաջնահերթություններով հետազոտությունների իրականացմանը:

Մասնագիտական գրականության առաջին նվիրատուները հոգաբարձուների խորհրդի անդամներին էին՝ նախագահ Խաչիկ Գալստյանի գլխավորությամբ: Աշխատանքներ կտարվեն նաև գրադարանի հավաքածուի համալրման աղբյուրները բազմազանեցնելու ուղղությամբ:

«Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման և անդրանիկ նիստի առթիվ տնօրեն Ավետիք Հարությունյանին, հոգաբարձուների խորհրդի նախագահ Խաչիկ Գալստյանին ու անդամներին ընդունեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Շնորհավորելով ինստիտուտի հիմնադրման կապակցությամբ՝ նա օրհնանքի խոսք ասաց և իր պատրաստակամությունը հայտնեց ըստ ամենայնի աջակցել կառույցի կայացմանն ու կանոնադրական նպատակների իրականացմանը:

Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Արցախի հոգևոր առաջնորդին շնորհվեց «Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ» կոչում:

Թեհմինա Մարության

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...

Աջակիցներ
ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ
«ՎԱԼԼԵՔՍ ԳԱՐԴԵՆ ՀՈԹԵԼ» ՓԲԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
«ՓՅՈՒՆԻԿ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Գործընկերներ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
«ՆԱՇԱ ՍՐԵԴԱ» ՕՆԼԱՅՆ