ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Փաշայան Հրայր Աբրիկի

քաղաքական գիտությունների թեկնածու

Ծնվել է 1982թ. հուլիսի 26-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Քերթ գյուղում` մանկավարժի ընտանիքում: 1999թ. գերազանցությամբ ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Արցախի Պետական Համալսարանի հումանիտար ֆակուլտետի պատմության բաժինը: 2000-2002թթ. ծառայել է Պաշտպանության բանակում:

Ուսման հինգերորդ կուրսից` 2006թ. փետրվարի 20-ին, համաձայն  «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքի, նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության 27546 զորամասի Մարտակերտի ռազմական ոստիկանության բաժանմունքի կալանատան պահակապետի օգնական:

Ծառայության մեջ առաջխաղացման կարգով 2010թ. ապրիլի 30-ին նշանակվել է պաշտպանության բանակի 34194 զորամասի թղթակից, 2015թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՊԲ ՏՀՀԿ բաժնի, Մամուլի բաժանմունքի թղթակից: Զինվորական կոչումը՝ կապիտան:

Դեռևս ուսանողական տարիներին միջազգային գիտաժողովներում ու կոնֆերանսներում հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության իրավական ու քաղաքական տեսանկյուններին նվիրված զեկույցներով: Հրապարակել է հիմնախնդրին անմիջականորեն առնչվող բազմաթիվ հոդվածներ` թերթերում, ամսագրերում և գիտական տեղեկագրերում, որոնք նպատակաուղղված են հայ իրականության մեջ և միջազգային ասպարեզում հիմնախնդրի իրական կերպարի ձևավորմանը:

Հաշվի առնելով ուսանողական տարիներին ցուցաբերած առաջադիմությունն ու ակտիվությունը, 2006թ. բարձրագույնն ավարտելուց հետո, համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ղեկավարության կողմից առաջարկ է ստացել ԱրՊՀ-ում գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվելու համար: 2006-2007 թթ. եղել է հայցորդ, իսկ 2007-2010թթ. «Քաղաքագիտություն» մասնագիտության ասպիրանտ՝ «Քաղաքական գիտության պատմություն և տեսություն» մասնագիտությամբ և 2006 թվականից առ այսօր զինծառայության հետ համատեղելով ԱրՊՀ-ում գիտամանկավարժական գործունեությամբ է զբաղվում (փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս):

2015 թվականի հունիսի 9-ին ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում պաշտպանել է «Քաղաքական փաստարկները Ղարաբաղյան հիմնախնդրի փաստաթղթերում և կարգավորման գործընթացում» վերնագրված ատենախոսությունը, ստանալով քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (ատենախոսության սեղմագիրն՝ այստեղ):

Տասից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 Գիտական աշխատանքների ցուցակ

  1. ԱՄՆ-ի դիրքորոշումը ԱդրԽՍՀՄ-ԼՂԻՄ հակամարտության նկատմամբ ԱՄՆ-ԽՍՀՄ հակադրության պայմաններում (Արցախի Պետական Համալսարանի գիտական տեղեկագիր), Ստեփանակերտ, 2007, թիվ 3 (16):
  2. 1921թ. հուլիսի 5-ի Կովբյուրոյի որոշման իրավաքաղաքական տեսանկյունները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականության խնդիրը, Միջազգային գիտաժողովի նյութեր (նվիրված ԱրՊՀ հիմնադրման 40-ամյակին), Ստեփանակերտ 2009:
  3. ԼՂՀ-ն որպես Արևելյան Անդրկովկասի հայության (ադրբեջանահայության) իրավունքների երաշխավոր, (Արցախի Պետական Համալսարանի գիտական տեղեկագիր), պրակ 1, Ստեփանակերտ, 2010, թիվ 1(21):
  4. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության իրավաքաղաքական ետնախորքը և «ադրբեջանական» պետության ստեղծման անօրինականության հիմքերը, Լրատու (Մեսրոպ Մաշտոց Համալսարան), Ստեփանակերտ, 2010, թիվ 2 (9):
  5. ԼՂՀ-ի ու ԱՀ-ի ձևավորման լեգիտիմությունը ԽՍՀՄ լուծարման համատեքստում, (Արցախի Պետական Համալսարանի գիտական տեղեկագիր), պրակ 2, Ստեփանակերտ, 2010, թիվ 2, էջ 83-87:
  6. 1991-1994թթ. ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված իրավաքաղաքական քայլերի միտումները, Լրատու (Մեսրոպ Մաշտոց Համալսարան), Ստեփանակերտ, 2011, թիվ 1(11), էջ 75-84:
  7. Պատմության քաղաքականացումը հակամարտությունների կարգավորման գործընթացում, Հայ գրատպության 500-ամյակին և ԵՊՀ ՈԻԳԸ հիմնադրման 65-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի հդվածների ժողովածու 4, Եր., 2013, էջ 324-330:
  8. Ղարաբաղյան հակամարտության քաղաքական փաստարկները ԼՂԻՄ կազմավորման և ԱդրԽՍ կազմից դուրսբերման շրջանի փաստաթղթերում (1923-1989թթ.), «21-րդ ԴԱՐ», «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հանդես, Եր., 2014, թիվ 4 (56), էջ 28-51:
  9. Քաղաքական փաստարկի դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, Բանբեր հայագիտության, Եր., 2014, N 1 (4), էջ 123-135:
  10. Ղարաբաղյան հակամարտության իրավաքաղաքական փաստարկները, «21-րդ ԴԱՐ», «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հանդես, Եր., 2015, թիվ 3 (61), էջ 13-37:
Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...