ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ (ԱԵԳՄՄ)

Կանոնադրություն


ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«ԱՐՑԱԽԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ»

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1 «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) իր անդամների շահերի ընդհանրության և կամավորության սկզբունքի հիման վրա, հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքներ բավարարելու նպատակով ստեղծված հասարակական միավորում է: Կազմակերպությունը միավորում է Արցախի տարբեր հիմնախնդիրներով զբաղվող կամ դրանց լուծմանը նպաստող երիտասարդ գիտնականներին, մասնագետներին, դոկտորանտներին, ասպիրանտներին, հայցորդներին, գիտաշխատողներին, դասախոսներին և մագիստրանտներին:

1.2 Կազմակերպության գործունեությունը հիմնված է օրինականության, հրապարակայնության, անդամության կամավորության, անդամների իրավահավասարության, ինքնակառավարման և  ղեկավարման կոլեգիալության սկզբունքների վրա:

1.3 Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ՀՀ միջազգային պայմանագրերին, ՀՀ օրենսդրությանը և սույն Կանոնադրությանը համապատասխան:

1.4 Կազմակերպությունն  իրավաբանական անձ է, որը, որպես սեփականություն,  ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

1.5 Կազմակերպությունը կարող է ունենալ իր անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, խորհրդանիշ, ինչպես նաև անհատականացման այլ միջոցներ:

1.6 Կազմակերպության անվանումն է՝

Հայերեն լրիվ` «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպություն, հապավումը` «ԱԵԳՄՄ» ՀԿ:

Ռուսերեն լրիվ` Общестенная организация «Объединение молодых ученых и специалистов Арцаха», հապավումը` ОО «ОМУСА»:

Անգլերեն լրիվ` «Union of young scientists and specialists  of Artsakh» Non-governmental organization, հապավումը` «UYSSA» NGO:

2.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

2.1 Կազմակերպության նպատակն է` միավորել Արցախի երիտասարդ գիտնականներին և մասնագետներին, նպաստել Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների գիտական և ստեղծագործական զարգացմանը, ձևավորել նրանց մասնագիտական աճի համար բարենպաստ մթնոլորտ, աջակցել Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միջազգային ինտեգրմանը, ինչպես նաև ՀՀ-ի և Արցախի հասարակական կյանքին նրանց ակտիվ մասնակցությանը:

2.2 Կազմակերպության խնդիրներն են`

2.2.1 աջակցել Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների գիտակրթական նախաձեռնություններին, խրախուսել երիտասարդների գիտական ձեռքբերումները, նպաստել Արցախագիտության ձևավորմանն ու զարգացմանը,

2.2.2 իրականացնել գիտական հետազոտություններ Արցախի կազմավորման և պետականաշինության տարբեր ոլորտների և փուլերի վերաբերյալ` այդ համատեքստում հատուկ ուշադրություն դարձնելով նաև ղարաբաղյան հիմնախնդրի մասին օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը,

2.2.3 երիտասարդ գիտնականների և մասնագետների առջև ծառացած խնդիրների (մասնագիտական, սոցիալական, կենցաղային և այլն) բացահայտում, դրանց լուծման ուղղությամբ ծրագրերի մշակում և իրականացում,

2.2.4 երիտասարդ գիտնականների և մասնագետների մասնակցությամբ կազմակերպել գիտաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ, դպրոցներ, դասընթացներ, գիտահանրամատչելի դասախոսություններ և այլ գիտակրթական միջոցառումներ,

2.2.5 երիտասարդ գիտնականներին և մասնագետներին հուզող խնդիրների վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացում, համագործակցություն ՀՀ և Արցախի  համապատասխան պետական մարմինների, տեղական գիտակրթական և այլ կազմակերպությունների հետ, համագործակցության և փոխգործակցության ծավալում ՀՀ-ում և Արցախում գործող համալսարանների հետ,

2.2.6 երիտասարդ գիտնականների և մասնագետների ներուժի համախմբում արդիական գիտական արդյունքների մշակման և առաջնային գիտական խնդիրների լուծման նպատակով, նրանց միջև փորձի փոխանակման համար պայմանների ստեղծում, գիտական խմբերում և տարբեր գիտական ծրագրերում երիտասարդ գիտնականների և մասնագետների ընդգրկում,

2.2.7 նպաստել երիտասարդ գիտնականների և մասնագետների գիտական աշխատանքների և այլ նյութերի հրապարակմանն ու դրանցում արտացոլված նորարարական գաղափարների տարածմանն ինչպես Արցախում և Հայաստանում, այնպես էլ միջազգային հանրահաճանաչ պարբերականներում,

2.2.8 նպաստել երիտասարդ գիտնականների և մասնագետների գիտական հետազոտությունների տեղեկատվական ապահովմանը և կարողությունների զարգացմանը,

2.2.9 աջակցել Արցախում գիտական սերնդափոխության իրականացմանը և խթանել միջսերնդային երկխոսությունը,

2.2.10 ներկայացնել և պաշտպանել երիտասարդ գիտնականների և մասնագետների շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, գիտական, հասարակական և այլ կազմակերպություններում,

2.2.11 հանրային կյանքում երիտասարդ գիտնականների և մասնագետների մասնակցությունը խթանող ծրագրերի ձեռնարկում, նրանց ներգրավում իրենց առնչվող հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին,

2.2.12 գիտության ոլորտում երիտասարդ գիտնականների և մասնագետների նորագույն ձեռքբերումների հանրայնացում և երիտասարդության շրջանում գիտությամբ զբաղվելու քարոզչության իրականացում,

2.2.13 երիտասարդ գիտնականներին և մասնագետներին իրավական, սոցիալական, տեղեկատվական և այլ աջակցության տրամադրում,

2.2.14 փորձագիտական եզրակացությունների մշակում համապատասխան մարմինների համար երիտասարդների կադրային, կրթական, գիտատեխնիկական և սոցիալական քաղաքականության արդյունավետության բարձրացման նպատակով,

2.2.15 կազմակերպել միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն գիտակրթական և հասարակական գործունեության մեջ երիտասարդության ակտիվ մասնակցության խթանմանը, այդ թվում նաև կազմակերպել մրցույթներ և սահմանել պարգևներ,

2.2.16 համագործակցել միջազգային գիտական կազմակերպությունների և երիտասարդական կառույցների հետ` հնարավորության դեպքում անդամակցելով վերջիններիս,

2.2.17 աջակցել երիտասարդ գիտնականների և մասնագետների վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանը,

2.2.18 անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրել սոցիալապես անապահով անձանց,

2.2.19 խրախուսել ակտիվ գիտական գործունեություն ծավալող, ինչպես նաև միջազգային գիտական պարբերականներում հոդվածներ հրատարակող երիտասարդ գիտնականներին ու մասնագետներին,

2.2.20 աջակցել ՀՀ-ի և Արցախի սահմաններից դուրս կազմակերպվող տարբեր գիտական միջոցառումներին երիտասարդ գիտնականների և մասնագետների մասնակցությանը,

2.2.21 բնապահպանական, մշակութային, սպորտային, ռազմահայրենասիրական, ժամանցային միջոցառումների, մրցույթների, ցուցահանդեսների կազմակերպում,

2.2.22 Կազմակերպության ծրագրերից բխող արտահամալսարանական լրացուցիչ կրթության կազմակերպում,

2.2.23 նպաստել մարդու  իրավունքների,  ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված ժողովրդավարական կառույցների, գործընթացների, իրավական արժեքների, իրավական և քաղաքական մշակույթի արմատավորմանն ու կայացմանը:

3.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

3.1 Կազմակերպությունն իր կանոնադրական նպատակները և խնդիրները արդյունավետ դարձնելու համար կարող է կազմակերպել և անցկացնել սեմինարներ, կլոր սեղաններ, դասընթացներ, գիտաժողովներ և խորհրդակցություններ, ինչպես նաև իրականացնել իր կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող ցանկացած ծրագրեր ու այլ աշխատանքներ:

3.2 Կազմակերպությունը կարող է իր կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող առաջարկություններ ներկայացնել ՀՀ պետական մարմիններին:

3.3 Կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար իրավունք ունի օրենքով սահմանված կարգով.

3.3.1 ձեռք բերել գույք, այդ թվում արժեթղթեր, տիրապետել, օգտագործել ու տնօրինել դրանք և դրանցից ստացված եկամուտը,

3.3.2 ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` փոխառու միջոցների ներգրավմամբ, ստանալ վարկեր, ստանալ նվիրատվություններ, դրամաշնորհներ, հավաքել անդամավճարներ,

3.3.3 կնքել պայմանագրեր և կրել պարտավորություններ,

3.3.4 ինքնուրույն ընտրել իր արտաքին գործունեության վարման կարգը,

3.3.5 ինքնուրույն պլանավորել իր գործունեությունը,

3.3.6 տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին,

3.3.7 հիմնադրել լրատվության միջոցներ,

3.3.8 կազմակերպել և անցկացնել խաղաղ, առանց զենքի հավաքներ,

3.3.9 ներկայացնել ու պաշտպանել իր և իր անդամների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում,

3.3.10 ստեղծել առևտրային կազմակերպություններ կամ մասնակից դառնալ այդպիսի կազմակերպություններին,

3.3.11 համագործակցել ինչպես պետական մարմինների և անհատ անձնաց, այնպես էլ ոչ առևտրային այլ կազմակերպությունների, այդ թվում` միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպությունների հետ, ինչպես նաև համակարգված գործունեություն ծավալել, ընդհանուր շահեր ներկայացնելու և պաշտպանելու նպատակով այդ կազմակերպությունների հետ ստեղծել միություններ կամ անդամակցել նրանց ստեղծած միություններին` պահպանելով իր ինքնուրույնությունը և իրավաբանական անձի կարգավիճակը,

3.3.12 սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև կառուցվածքային միավորումներ:

Կազմակերպությունը կարող է ունենալ օրենքով սահմանված այլ իրավունքներ:

3.4 Կազմակերպության իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով:

3.5 Կազմակերպությունն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր իրավունքների պաշտպանության իրավունք:

3.6 Կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել միայն առևտրային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց մասնակցելու միջոցով:

4.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1 Կազմակերպության անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած յուրաքանչյուր ոք, ով ընդունում է սույն կանոնադրությունը, իր գործունեությամբ նպաստում է կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրագործմանը և մուծում է անդամավճար:

4.2 Գրավոր դիմումի համաձայն կազմակերպության նոր անդամի ընդունելության մասին որոշումը ընդունվում է կազմակերպության խորհրդի կողմից` համաձայն նրա կողմից հաստատված անդամների ընդունման ընթացակարգի: Ընդունելության մասին որոշման ընդունման համար կազմակերպության խորհուրդը կարող է պահանջել որոշակի փաստաթղթեր:

4.3 Կազմակերպությունը կարող է ունենալ համակիր անդամներ:

4.4 Կազմակերպության համակիր կարող է լինել կազմակերպության ծրագրերի իրականացմանը աջակցող 18 տարին լրացած յուրաքանչյուր ոք:

4.5 Կազմակերպությունը վարում է իր անդամների հաշվառումը և պարբերաբար թարմացնում իր անդամների վերաբերյալ տվյալները: Կազմակերպության անդամների հաշվառում վարելու կարգը և պայմանները սահմանվում է կազմակերպության խորհրդի կողմից:

4.6 Կազմակերպության անդամը միանվագ մուծում է մուտքի վճար, այնուհետև անդամավճար, որոնց չափերը և գանձման կարգը սահմանվում են կազմակերպության խորհրդի կողմից:

4.7 Կազմակերպության անդամությունից դուրս գալը կատարվում է տվյալ անդամի գրավոր դիմումի համաձայն` խորհրդի որոշմամբ:

4.8 Կազմակերպության անդամությունից հեռացնելը կատարվում է խորհրդի` տվյալ անդամին կազմակերպության անդամությունից հեռացնելու մասին որոշմամբ: Նման որոշում կարող է կայացվել անդամավճարը չվճարելու, կանոնադրությամբ և Խորհրդի որոշումներով սահմանված պարտավորությունները չկատարելու, Խորհրդի որոշումները չկատարելու դեպքում:

Բողոքի և խորհրդի կողմից անդամի նկատմամբ ընդունված որևէ որոշում կարող է վերջնականորեն վերանայվել համաժողովում, տվյալ անդամի` համաժողովին ուղղված գրավոր դիմումի հիման վրա:

4.9 Կազմակերպության անդամն իրավունք ունի`

4.9.1. ընտրել և ընտրվել կազմակերպության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում,

4.9.2 կազմակերպության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել կազմակերպության գործունեության և ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ, դիտողություններ, գործնական ծրագրեր,

4.9.3 ազատորեն արտահայտել սեփական տեսակետը,

4.9.4 օգտվել կազմակերպության իրավական, ֆինանսական, բարոյական և այլ աջակցությունից,

4.9.5 իրազեկ լինել կազմակերպության գործունեությանը,

4.9.6 մասնակցել կազմակերպության կազմակերպած միջոցառումներին,

4.9.7 անարգել դուրս գալ կազմակերպության շարքերից,

4.9.8 բողոքարկել կազմակերպության մարմինների անօրինական գործունեությունները վերադաս մարմիններում կամ դատարանում` օրենքով սահմանված ժամկետներում և կարգով:

4.10 Կազմակերպության անդամը պարտավոր է`

4.10.1 սահմանված չափով և կարգով մուծել մուտքավճար, անդամավճար,

4.10.2 ակտիվորեն մասնակցել կազմակերպության աշխատանքներին,

4.10.3 իր գործունեությամբ նպաստել կազմակերպության հեղինակության բարձրացմանը,

4.10.4 գործել սույն կանոնադրությանը համապատասխան,

4.10.5 աջակցել կազմակերպության գործունեությանը,

4.10.6 կատարել կազմակերպության ղեկավար մարմինների որոշումները:

4.11 Կազմակերպությունը կարող է սահմանել «Պատվավոր անդամ» և «Հովանավորող անդամ» կոչումներ, որոնք կտրվեն կազմակերպության կանոնադրական նպատակների իրականացմանն առանձնապես օժանդակող անձանց:

4.12 Կազմակերպության անդամները, համակիրները, «Պատվավոր անդամ» և «Հովանավորող անդամ» կոչում ունեցողները կազմակերպության ունեցվածքի մեջ չունեն բաժնի իրավունք:

4.13 Կազմակերպության խորհուրդը կազմակերպության անդամների նկատմամբ կարող է կիրառել խրախուսանքի միջոցներ, նաև տույժի միջոցներ` կազմակերպության կանոնադրական դրույթների խախտումների դեպքում: Կազմակերպության անդամների նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցներ կիրառելու կարգը սահմանվում է կազմակերպության խորհրդի կողմից:

4.14 Կազմակերպությունն իր գործունեության իրականացման ընթացքում կարող է ձևավորել առանձին կառուցվածքային միավորումներ, որոնց տնօրենները նշանակվում են խորհրդի կողմից:

4.15 Տնօրենները կարող են հանդիսանալ հաստիքային աշխատողներ և նրանց իրավասությունները հաստատվում են խորհրդի կողմից:

4.16 Խորհրդի անդամները կարող են լինել հաստիքային աշխատողներ:

5.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

5.1 Կազմակերպության ղեկավար մարմիններն են` համաժողովը, խորհուրդն ու նախագահը:

5.2 Կազմակերպության վերահսկողություն իրականացնող մարմինը վերստուգիչ հանձնաժողովն է:

5.3 Կազմակերպության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինները ընտրովի են:

5.4 Կազմակերպության բարձրագույն մարմինը նրա անդամների համաժողովն է, որն ունի կազմակերպության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք:

5.5 Կազմակերպության համաժողովը գումարվում է երկու տարին մեկ անգամ, խորհրդի կողմից, որն էլ սահմանում է կազմակերպության համաժողովի անցկացման կարգն ու ժամկետները: Կազմակերպության համաժողովի օրակարգի, նրա աշխատանքն սկսվելու տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները ծանուցվում են ոչ ուշ, քան ժողովի անցկացման օրվանից 14 օր առաջ:

5.6 Կազմակերպության արտահերթ համաժողով կարող է հրավիրվել կազմակերպության անդամների մեկ երրորդի կամ կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի պատճառաբանված պահանջի դեպքում, ոչ ուշ, քան 14 օրացուցային օրվա ընթացքում, որի օրակարգի, անցկացման տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն հերթական համաժողովի հրավիրման համար նախատեսված եղանակով, ոչ ուշ, քան այդ համաժողովի անցկացման օրվանից 3 օր առաջ:

5.7 Կազմակերպության համաժողովը`

5.7.1 հաստատում է կազմակերպության կանոնադրությունը և նոր խմբագրությամբ կանոնադրությունը, կատարում է փոփոխություններ դրանում,

5.7.2 որոշում է կազմակերպության խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների թվաքանակը, երկու տարի ժամկետով ընտրում է կազմակերպության խորհուրդ ու վերստուգիչ հանձնաժողով և փոփոխում նրանց կազմը,

5.7.3 երկու տարի ժամկետով ընտրում և անհրաժեշտության դեպքում փոփոխում է կազմակերպության նախագահին, որն ի պաշտոնե մտնում է կազմակերպության խորհրդի կազմի մեջ և հանդիսանում է կազմակերպության խորհրդի նախագահը,

5.7.4 քննարկում և հաստատում է կազմակերպության նախագահի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները,

5.7.5 սահմանում է կազմակերպության երկու տարվա հիմնական ռազմավարական և ծրագրային ուղղությունները,

5.7.6 հաստատում է կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները,

5.7.7 ընդունում է կազմակերպության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումները:

5.8 Կազմակերպության համաժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե դրան մասնակցում են կազմակերպության բոլոր անդամների ընդհանուր թվի առնվազն կեսից ավելին: 5.7.1 և 5.7.7 ենթակետերով նախատեսված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են կազմակերպության բոլոր անդամների ձայների 2/3-ով, մնացած հարցերով որոշումներն ընդունվում են կազմակերպության բոլոր անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

5.9 Կազմակերպության համաժողովը կազմակերպության բարձրագույն մարմինն է, որը կարող է վերանայել խորհրդի կողմից ընդունված որոշումները և որևէ անդամի նկատմամբ կիրառված տույժի և հեռացման որոշումները, երբ առկա է գրավոր պահանջ տվյալ անդամի կողմից:

5.10 Կազմակերպության խորհուրդը`

5.10.1 ընտրվում է կազմակերպության համաժողովի կողմից երկու տարի ժամկետով և համարվում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում,

5.10.2 նախապատրաստում և հրավիրում է կազմակերպության համաժողովները,

5.10.3 որոշում է կայացնում կազմակերպությանն անդամագրվելու և անդամությունից հեռացնելու վերաբերյալ, որոշում է անդամավճարների և մուտքավճարների չափերն ու դրանց գանձման կարգը,

5.10.4 սահմանում է կազմակերպության անդամների նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցներ կիրառելու կարգը,

5.10.5 կազմակերպության կանոնադրական դրույթների խախտումների դեպքում կազմակերպության անդամների նկատմամբ կիրառում է տույժի միջոցներ,

5.10.6 հաստատում է կազմակերպության հիմնական միջոցառումների տարեկան պլանները, կազմակերպության զարգացման ծրագրերը,

5.10.7 հաստատում է կազմակերպության հաստիքացուցակը և դրույքաչափերը,

5.10.8 սահմանում է կազմակերպության ղեկավար մարմիններում ընդգրկված անձանց կազմակերպության կողմից վարձատրության կարգը,

5.10.9 որոշումներ է ընդունում կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ` ներկայացուցչություններ և մասնաճյուղեր, ինչպես նաև հիմնարկներ, հանձնաժողովներ, բաժիններ, ակումբներ, կոմիտեներ, աշխատանքային խմբեր ստեղծելու, լուծարելու մասին, հաստատում է դրանց կանոնադրությունները, կանոնակարգերը և աշխատակարգերը, նշանակում և ազատում է դրանց ղեկավարներին, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարներին տալիս է լիազորագրեր:

5.11 Կազմակերպության խորհրդի նիստը կարող է հարցեր քննարկել և որոշում ներկայացնել, եթե նիստին մասնակցում են խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են կազմակերպության խորհրդի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

5.12 Կազմակերպության խորհուրդն իր հերթական նիստերը հրավիրում է առնվազն ամիսը մեկ անգամ: Կազմակերպության խորհրդի արտահերթ նիստը կարող է հրավիրվել խորհրդի անդամների թվի առնվազն 2/3-ի գրավոր պահանջով կամ կազմակերպության նախագահի կողմից:

5.13 Կազմակերպության նախագահը`

5.13.1 ընտրվում է կազմակերպության համաժողովի կողմից երկու տարի ժամկետով, ղեկավարում է կազմակերպության խորհրդի աշխատանքները և հանդիսանում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում,

5.13.2 ապահովում է կազմակերպության համաժողովի և խորհրդի որոշումների կատարումը,

5.13.3 կազմակերպության խորհրդի հաստատմանն է ներկայացնում կազմակերպության տնօրենների պաշտոնի համար թեկնածությունը, հաստիքային աշխատողների ցուցակը և դրույքաչափերը,

5.13.4 կազմակերպության խորհրդի հաստատմանն է ներկայացնում կազմակերպության հաստիքային աշխատողներին աշխատանքի ընդունելու կամ աշխատանքից ազատելու որոշումը,

5.13.5 կազմակերպության համաժողովին հաշվետվություն է ներկայացնում կազմակերպության խորհրդի և իր կատարած աշխատանքների մասին,

5.13.6 որոշումներ է կայացնում կազմակերպության գործունեության ընթացիկ հարցերի վերաբերյալ, բացառությամբ կազմակերպության համաժողովի և խորհրդի իրավասությանը պատկանող հարցերից,

5.13.7 կազմակերպության անունից վարում է բանակցություններ, կնքում պայմանագրեր և համաձայնագրեր, ստորագրում կազմակերպության համաժողովի և խորհրդի կողմից ընդունված փաստաթղթերը,

5.13.8 վարում է կազմակերպության համաժողովի և խորհրդի նիստերը,

5.13.9 հրավիրում է կազմակերպության արտահերթ համաժողով և խորհրդի արտահերթ նիստեր,

5.13.10 տիրապետում, օգտագործում, տնօրինում և օտարում է կազմակերպության ցանկացած տեսակի և չափի գույքը խորհրդի որոշմամբ,

5.13.11 իրականացնում է կազմակերպության համաժողովի և խորհրդի կողմից իր վրա դրված այլ լիազորություններ:

5.14 Կազմակերպության նախագահի առաջարկությամբ խորհուրդն իր կազմից ընտրում է փոխնախագահ (ներ) երկու տարի ժամկետով:

5.15 Կազմակերպության փոխնախագահը (ները)`

5.15.1 կատարում է կազմակերպության խորհրդի և նախագահի կողմից իր վրա դրված առանձին լիազորությունները,

5.15.2 կազմակերպության նախագահի բացակայության դեպքում և խորհրդի հանձնարարությամբ կատարում է կազմակերպության նախագահի պարտականությունները:

5.16 Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովը`

5.16.1 ընտրվում է համաժողովի կողմից երկու տարի ժամկետով և հանդիսանում է կազմակերպության վերահսկողություն իրականացնող մարմինը,

5.16.2 իրականացնում է կազմակերպության ղեկավար և կառուցվածքային մարմինների ֆինանսատնտեսական գործունեության ընդհանուր վերահսկողությունը,

5.16.3 իրականացնում է կազմակերպության գործունեության կանոնադրական վերահսկողությունը,

5.16.4 հաշվետվություն է ներկայացնում կազմակերպության համաժողովին,

5.16.5 իր կազմից ընտրում է վերստուգիչ հանձնաժողովի նախագահ:

5.17 Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովն իր հերթական նիստերը հրավիրում է առնվազն տարին մեկ անգամ: Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի արտահերթ նիստ կարող է հրավիրվել կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի անդամների թվի առնվազն 1/3-ի գրավոր պահանջով կամ վերստուգիչ հանձնաժողովի նախագահի կողմից: Կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի նիստերը կայանում են վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսից ավելիի մասնակցությամբ, որոշումներն ընդունվում են վերստուգիչ հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

5.18 Եթե կազմակերպության վերահսկողություն իրականացնող մարմինը ձևավորվում է մեկ հոգուց` վերստուգողից, ապա կազմակերպության վերստուգողը որոշումները կայացնում է միանձնյա:

6.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

6.1 Կազմակերպության նյութական և դրամական միջոցները գոյանում են մուտքավճարներից, անդամավճարներից, տեղական և միջազգային միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների և անհատների կողմից ստացվող նվիրատվություններից, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

6.2 Կազմակերպությանը սեփականության իրավունքով կարող են պատկանել ՀՀ օրենսդրությամբ չարգելված սեփականության իրավունքի ցանկացած օբյեկտներ:

Կազմակերպությանը պատկանող գույքն օգտագործվում է իր կանոնադրական նպատակների ու խնդիրների իրականացման համար:

6.3 Կազմակերպության ղեկավար մարմիններում ընդգրկված անձինք կազմակերպության կողմից կարող են վարձատրվել կազմակերպության խորհրդի կողմից սահմանված կարգով և չափով:

7.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

7.1 Կազմակերպության վերակազմակերպումն ու լուծարումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.2 Կազմակերպությունը կարող է լուծարվել իր համաժողովի որոշմամբ կամ դատարանի որոշմամբ:

7.3 Լուծարման մասին որոշում կայացնելու դեպքում կազմավորվում է լուծարային հանձնաժողով և սահմանվում են լուծարման կարգն ու ժամկետները:

7.4 Կազմակերպության լուծարման դեպքում լուծարային հանձնաժողովը, օրենքով սահմանված կարգով, պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքը, լուծարման մասին որոշում կայացրած մարմնի կողմից սահմանված կարգով, օգտագործում է կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման նպատակով, դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե, իսկ վեճի առկայության դեպքում հարցը լուծվում է դատարանի կողմից:

 

Իրավաբանական անկյուն
«Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքի 27 հոդվածով սահմանված են այն գործողությունների շրջանակը, որոնք կարող է իրականացնել նոտարը: ...

ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ...

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: ...